ԱՄՆ-ում ծնողները դստեր ոտքն անդամահատելու փոխարեն,նախընտրել են երկարացնել՝ օրական 3 անգամ կոտրելով ոտքը

23:46 • 05.05.16

Oddity central-ն անդրադարձել է արտասովոր բժշկական միջամտության, որն օգնել է վերականգնել հազվադեպ խանգարմամբ` տարբեր չափսերի վերջույթներով ծնված աղջնակի ոտքերի հավասարությունը:

 

Միչիգանում բնակվող երիտասարդ ծնողները ստիպված են եղել բարդ ընտրություն կատարել` անդամահատել փոքրիկ դստեր ոտքը և պրոթեզավորել, կամ դիմել այն 11 սմ-ով երկարացնելու տարօրինակ փորձի` 4 ամիս շարունակ օրը երեք անգամ կոտրելով երեխայի ոտքը:


Ընտրելով երկրորդ տարբերակը` փոքրիկ Էլզին առաջին վիրահատությանը ենթարկվել է 6 ամսականում. բժիշկները վերակազմավորել են նրա ծունկը, կրունկը և ազդրը: Վիրահատությունից հետո նրան հատուկ պրոթեզ են դրել, որով լրացվում էր ոտքի և հատակի միջև եղած բացը, որպեսզի երեխան կարողանա քայլել:


3 տարեկանում երեխան մեկ այլ վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ տարանջատվել են ազդրի և սրունքի ոսկորները:  Երեխայի ոտքն այնուհետև համալրվել է հատուկ ամրացնող սարքով:

 

Աղջկա մայրը ստիպված էր ամեն օր բացել և միացնել սարքի պտուտակները` ոսկորներն իրարից հեռացնելով օրական 0.099 սմ-ով:


Այս գործընթացի շնորհիվ Էլզիի օրգանիզմում նոր ոսկոր, մկաններ և մաշկ էր ձևավորվում` լցնելով ոսկորների միջև բացված ազատ տարածությունը: Այժմ երեխայի ոտքերը հավասար են կյանքում առաջին անգամ: Ծնողների ջանքերը տվել են իրենց բաղձալի արդյունքը:
 

 

ԱՄՆ-ում ծնողները դստեր ոտքն անդամահատելու փոխարեն,նախընտրել են երկարացնել՝ օրական 3 անգամ կոտրելով ոտքը