Lamborghini Huracan-ը դարձել է առաջին սուպերքար-տաքսին Մեծ Բրիտանիայում
Բրիտանական Վուլվերհեմփթոնի քաղաքային խորհուրդը Lamborghini Huracan կուպեն գրանցել է որպես «մեքենա, որը կարելի է օգտագործել որպես կանչով տաքսի»:
Ինչպես գրում է Motor.ru-ն, իտալական սուպերքարը դարձել է նման դասի առաջին մեքենան Մեծ Բրիտանիայում, որը տասքու արտոնագիր է ստացել:
196 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ, կանաչ գույնի Lamborghini Huracan-ը պատկանում է Special Wedding Cars ընկերությանը, որը մեքենաներ է տրամադրում նաև հարսանիքների համար: Նախկինում այս ընկերության տիրապետության տակ էր գտնվում սպիտակ գույնի Lamborghini Gallardo մոդելը, որը, սակայն, միայն խնջույքների համար էր վարձով տրամադրվում:
Ուղևորների վճարովի տեղափոխումը մի վայրից մյուսը առանց համապատասխան թույլտվության Բրիտանիայում արգելվում է: Այժմ ընկերությունն իրավունք ունի սուպերքարը որպես տաքսի օգտագործելու համար:
Lamborghini Huracan-ը համալրված է 5.2 լիտր ծավալային V10 շարժիչով, որը 610 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամը մեքենան զարգացնում է 3.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 325 կմ/ժամը:











