Կցանկանայինք, որ տեղի ունեցած վայրագությունները հետաքննելու հնարավորություններ ընձեռվեին. Հերբերտ Զալբերի

20:47 • 10.05.16

Կցանկանայինք, որ շփման գծում տեղի ունեցած բոլոր վայրագությունները հետաքննելու հնարավորություններ ընձեռվեին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին քիչ առաջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

«Մենք մեղադրանքներ ենք ստանում մի քանի կողմերից: Մեզ համար, որպես Եվրոպական Միության ներկայացուցիչներ, ինչպես և այլ միջազգային կազմակերպությունների համար բարդ է գնահատական տալ իրավիճակին: Մի բան պարզ է՝ մենք դատապարտում ենք տեղի ունեցած բոլոր վայրագությունները: Մենք կցանկանայինք, որ դրանք հետաքննելու հնարավորություններ ընձեռվեին` մեղավորներին պատժելու համար»,-հայտարարեց Հերբերտ Զալբերին։

Հարցին, թե մտադի՞ր է արդյոք այցելել Ադրբեջան և քննարկել իրավիճակը, ԵՄ պաշտոնյան պատասխանեց, որ պարբերաբար այցելություններ է կատարում Հայաստան և Ադրբեջան և քննարկումներ ունենում երկու կողմերի հետ։

«Եվ ես մտադիր եմ շարունակել այս ավանդույթը»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ Երևանում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, ում այսօր ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Այսօր ավելի վաղ ԵՄ պաշտոնյային ընդունել էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։