«Ոսկե գնդակը» կյանքիս լավագույն պահերից մեկն էր, սակայն թիմակիցների հետ գավաթ բարձրացնելը բոլորովին այլ զգացողություն է․ Քեյն

20:22 • 03.11.26

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող և «Ոսկե գնդակի» դափնեկիր Հարի Քեյնը պատմել է, թե արդյոք մրցանակաբաշխության ժամանակ հասցրել է զրուցել «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» աստղեր Լամին Յամալի և Կիլիան Մբապեի հետ, ինչպես նաև կիսվել է իսպանական ֆուտբոլի մասին իր տպավորություններով։

Պատասխանելով հարցին, թե արդյոք շփվել է Մբապեի կամ Յամալի հետ և կցանկանա՞ր արդյոք ուժերը փորձել Իսպանիայի առաջնությունում, անգլիացի ռմբարկուն նշել է․

«Ո՛չ, չհասցրի, քանի որ երեկոն բավականին խառնաշփոթ ստացվեց։ Ամեն ինչ շատ երկար տևեց, և իմ ելույթից հետո բոլորն ուղղակի ցանկանում էին օր առաջ տուն վերադառնալ։

Իսպանական ֆուտբոլը հսկայական դեր է խաղացել իմ կյանքում։ Մանկությանս տարիներին հետևում էի Իսպանիայի հավաքականի ելույթներին, երբ նրանք նվաճում էին աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների տիտղոսները․ ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում նրանց։

Մեսսիի և Ռոնալդուի դարաշրջանում «Բարսելոնայի» ու «Ռեալի» դիմակայություններին հետևելը բարձրագույն մակարդակի ֆուտբոլային վայելք էր։ Սակայն ես երբեք չեմ ունեցել այնտեղ խաղալու հնարավորություն․ երկար տարիներ անցկացրի «Տոտենհեմում» և երջանիկ էի այնտեղ։ Իսկ երբ հնարավորություն ստեղծվեց տեղափոխվել «Բավարիա», որոշեցի օգտվել այդ շանսից։ Իհարկե, հիանալի կլիներ հանդես գալ Լա Լիգայում և ուժերս չափել նման ֆուտբոլիստների հետ, բայց կարիերայում յուրաքանչյուրն ունի իր ուրույն ճանապարհը»,– Քեյնի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։

Հատկանշական է, որ Քեյնը վերջերս խոսել է նաև «Բավարիայում» իր ապագայի և կարիերայի գլխավոր նպատակների մասին։ Անգլիացի հարձակվողը հայտնել է, որ առաջիկա օրերին պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։

Քեյնը նաև խոստովանել է, որ պատրաստ կլիներ «Ոսկե գնդակը» փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ՝ ընդգծելով թիմային հաջողությունների կարևորությունը։

«Միշտ ասել եմ, որ թիմային հաղթանակներն են մեր խաղալու հիմնական պատճառը։ «Ոսկե գնդակը» կյանքիս լավագույն պահերից մեկն էր, սակայն թիմակիցներիդ հետ միասին գավաթ բարձրացնելը բոլորովին այլ զգացողություն է»,– նշել է ֆուտբոլիստը։

Նշենք, որ Քեյնը 2023 թվականին է «Տոտենհեմից» տեղափոխվել «Բավարիա»։ Այդ ժամանակից ի վեր նա դարձել է մյունխենյան թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ տարբեր մրցաշարերում անցկացրած 155 խաղում հեղինակելով 152 գոլ։

Աղբյուրը`ArmSport.am