Գերմանացիներն էլեկտրական օդանավ են ստեղծում, որը կլիցքավորվի սովորական վարդակից (լուսանկարներ)
Գերմանական դիզայներական խումբը մտադիր է 2018-ին վաճառքի հանել էլեկտրականությամբ աշխատող նորագույն, գերթեթև օդանավը, որը կարող է լիցքավորվել պատի վարդակից: Այն դեռևս կոնցեպտ է և գտնվում է մշակման փուլում:
Ինչպես ներկայացնում է CNN-ը` նորագույն, գերխնայող և անաղմուկ օդանավը, որն ստացել է Lilum անվանումը, կարող է օդ բարձրանալ տան բակից կամ պարտեզից:
Ձվաձև տեսք ունեցող երկտեղանի օդանավը օդ կբարձրանա և վայրէջք կկատարի ուղղահայաց դիրքով, ինչպես ուղղաթիռները, ինչը նշանակում է, որ այն կարելի կլինի գործի գցել ուղղաթիռային հրապարակներից: Օդանավի թռիչքի համար միայն 15 մետր տարածք է անհրաժեշտ:
Ինժեներների խոսքով` այն կկարողանա 400 կմ/ժամ արագություն զարգացնել` անցնելով 500 կմ տարածություն:
Էլեկտրական օդանավի կոնցեպտը ստեղծել են Մյունխենի համալսարանի շրջանավարտները: Նրանց նպատակն է օդանավերը բերել ամենօրյա կիրառման դաշտ:













