Volkswagen-ը կրճատել է ԵՄ շուկայում իր մասնաբաժինը
Եվրոպական ավտոարդյունաբերության առաջատար Volkswagen AG-ի զբաղեցրած մասնաբաժինը ԵՄ շուկայում կրճատվել է առաջին չորս ամիսներին մինչև 23,9 տոկոս՝ հասնելով 2011 թվականից ի վեր այդ ժամանակահատվածի համար նվազագույն ցուցանիշի: Ապրիլին Volkswagen-ը վերահսկում էր շուկայի 25,4 տոկոսը:
Միևնույն ժամանակ, ԵՄ-ում նոր ավտոմեքենաների վաճառքները 2016 թվականի ապրիլին ավելացել են 9,1 տոկոսով, աճը շարունակվում է արդեն 32 ամիս անընդմեջ: Հունվար-ապրիլին գրանցված նոր ավտոմեքենաների թիվն ավելացել է 8,5 տոկոսով՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ինչպես ասվում է Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի (ACEA) հաղորդագրությունում, անցած ամիս Եվրամիության 27 երկրներում գրանցվել է 1,27 միլիոն նոր մեքենա՝ մեկ տարի առաջ գրանցված 1,17 միլիոն ցուցանիշի դիմաց։










