Իրանում 170 մարդ կասկածվում է Instagram-ում «անբարո լուսանկարներ» տարածելու համար. կան ձերբակալվածներ

13:57 • 16.05.16

Իրանի իշխանությունները 8 մարդու են ձերբակալել՝ Instagram ծառայությունն «անբարո նպատակներով» օգտագործելու համար։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է Թեհրանի համակարգչային հանցագործությունների հարցերով դատարանի ղեկավար Ջավադ Բաբաին։

 

Ձերբակալությունները տեղի են ունեցել «Սարդ-2» հատուկ գործողության շրջանակում, որը տևել է երկու տարի և որի անցկացմանը գործակալներ են մասնակցել։


Իրավապահների նպատակը եղել է առանց հիջաբի նկարներ տեղադրող մոդելների հայտնաբերումը։


Դատարանի հայտարարության մեջ նշվում է 170 մարդու անուն՝ այդ թվում լուսանկարիչներ, դիմահարդարներ, մոդելներ, գեղեցկության սրահների մենեջերներ, որոնք Instagram-ում հաշիվ են ունեցել, որը ծառայել է լուսանկարների ու տեսագրությունների փոխանակման համար։

 

«Նրանք անբարո, իսլամի մշակույթի նորմերին հակասող բաներ են տարածել»,-ասել է դատարանի ղեկավարը։ Նա հավելել է, որ ձերբակալվածներից բացի՝ քրեական գործեր են հարուցվել ավելի քան 20 կասկածյալների նկատմամբ։

 

Ի տարբերություն Facebook և Twitter սոցցանցերի, ինչպես  նաև YouTube-ի, որոնք արգելափակված են երկրում, Instagram-ը հասանելի է իրանցիների համար և մեծ հեղինակություն է վայելում։

Իրանում 170 մարդ կասկածվում է Instagram-ում «անբարո լուսանկարներ» տարածելու համար. կան ձերբակալվածներ