Թյուր է կարծիքը, թե մեր երկիրն ի վիճակի չէ զենք արտադրել. ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ (տեսանյութ)
Ռազմական արդյունաբերություն Հայաստանը միշտ էլ ունեցել է, և թյուր է կարծիքը, թե ՀՀ-ում զենքի արտադրություն չի եղել, իսկ մեր երկիրն ի վիճակի չէ զենք արտադրել: Դրանք անհեթեթ պնդումներ են: Հրավիրված ասուլիսում այդ մասին նշել է ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ գիտության ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքը, թե թույլ տնտեսություն ունեցող երկիրը չի կարող ունենալ զարգացած ռազմարդյունաբերություն:
«Մեր երկրում միշտ էլ եղել է զենքի արտադրություն, հետխորհրդային շրջանում, ղարաբաղյան պատերազմից հետո մենք ունեցել ենք ձեռնարկություններ, որոնք արտադրել են զենք-զինամթերք: Ավելին, պաշտպանության նախարարությունում ունեցել և այսօր էլ ունենք ռազմարդյունաբերության վարչություն, այլ հարց է, որ ռազմական արդյունաբերության ոլորտը պետական կառավարման կառույց չի ունեցել, որը կկարողանար համակարգել այս բնագավառը: Բայց այդ խնդիրը նույնպես լուծվել է, քանի որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության որոշմամբ ստեղծվել է ռազմական արդյունաբ րության կոմիտե և շուտով կունենանք կոմիտեի նախագահ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Հարությունյանը՝ չցանկանալով դեռևս նշել, թե ով է նշանակվելու այդ պաշտոնում: Ըստ նրա՝ նախագահի անունը հայտնի կդառնա հունիսի 1-2-ին:
Գիտության պետական կոմիտեի նախագահը հիշեցրել է, որ ստեղծվել է նաև ՀՀ վարչապետին առընթեր ռազմարդյունաբերության խորհուրդ, դրան առընթեր ռազմատեխնիկական գիտական խորհուրդ, որի շրջանակում գործում են մեքենաշինության, քիմիա-կենսաբանության, ֆիզկատեխնիկական, ինովացիոն, տեղեկատվական անվտանգության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ենթահանձնաժողովները, որոնք զբաղվելու են սպառազինության ոլորտում գիտական մշակումներով:
«Բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են ռազմական տեխնիկայի ստեղծմանը, ռազմամթերքների արտադրությանը, պետք է անպայման անցնեն գիտական փորձաքննություն հանձնաժողովների միջոցով: Ռազմական արդյունաբերություն մենք միշտ էլ ունեցել ենք, որի նպատակն է եղել բավարարել հայկական բանակի կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծումը: Այս ոլորտում մենք պետք է ձգտենք լուրջ միջազգային համագործակցության և իրականացնենք հայկական զինատեսակների արտահանում: Այս ոլորտը պետության ուշադրության կենտրոնում է, և այն պնդումների հետ, թե Հայաստանն ի վիճակի չէ ունենալ ռազմական արդյունաբերություն, ես համաձայն չեմ»,- ընդգծել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ ռազմաարդյունաբերության զարգացմանը նպաստել են նաև հայ գիտնականները, որոնց մի մասն աշխատում է նաև այսօր: Հարությունյանի խոսքով՝ ծնվել է նոր սերունդ, որը ևս այս ոլորտում արդեն իսկ ունի որոշակի հաջողություններ, իրականացնվում են նույնիսկ արտասահմանյան պատվերներ:
«Մենք ունենք բարձր որակի մասնագետներ, մեծ մասն ազգությամբ հայ, ովքեր ունեն տարբեր երկրներում ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատելու հսկայական փորձ: Նրանք մեր խորհրդատուներն են, որոնց ազգանունները չեմ ցանկանում նշել»,- ասել է ԳՊԿ նախագահը:
Միաժամանակ, Սամվել Հարությունյանը հաստատել է տեղեկությունները, որ ներկայում ՀՀ-ում իրականացվում են անօդաչու թռչող սարքերի փորձարկումներ:
«Անօդաչու թռչող սարքերի փորձարկումներ արվում են, արվել են նաև մինչ ապրիլյան դեպքերը: Հայաստանն այն եզակի երկրներից է, որն արտադրում է անօդաչու թռչող սարքեր, որոնք բավականին բարձր որակի են: Հույս ունեմ, որ որակն էլ ավելի կբարձրանա: Այնպես որ, մեզ մի նայեք որպես երկրի, որին բոլոր գալու են հոշոտեն: Այդպես չէ»,- ընդգծել է Գիտության պետական կոմիտեի նախագահը:










