Ռուսաստանը ծրագրել է ուղևորատար տիեզերանավեր ուղարկել Լուսին
Ռուսաստանը պատրաստվում է տիեզերագնացներին ուղարկել Լուսին: «Ռոսկոսմոս» պետական ընկերակցության գլխավոր գիտահետազոտական ինստիտուտը մայիսի 28-ին հաղորդել է, որ ծրագրել է 2025-2040 թվականներին ամեն տարի մեկ կամ երկու անգամ օդաչուների ղեկավարմամբ «Ֆեդերացիա» նոր սերնդի ուղևորատար տիեզերանավ ուղարկել Լուսին:
Այս մասին տեղեկացնում է DW.com-ը` հայտնելով նաև, որ «Էներգիա» հրթիռատիեզերական ընկերությունն առաջարկել է բազմակի օգտագործման տիեզերանավ մշակել, որը երեք անգամ ավելի քիչ ծախս կպահանջի, քան «Ֆեդերացիա» տիեզերանավը: Տիեզերանավը նախատեսվում է տեղակայել Միջազգային տիեզերակայանում, որտեղից կկարողանա բեռներ և տիեզերագնացների տեղափոխել միջազգային լուսնային թռիչքային հարթակ:
Ավելի վաղ «Ռոսկոսմոսը» հայտարարել էր, որ 2016-2025 թվականներին ռուսական կողմը մտադիր է ուղեծիր ուղարկել 180 արբանյակ: Ներկա պահին տիեզերքում 140 ռուսական սարքավորում է գտնվում:










