Facebook-ը կարող է օգտագործել սոցցանցում չգրանցված օգտատերերի տվյալները՝ գովազդ ցուցադրելու համար

23:52 • 28.05.16

Facebook  սոցիալական ցանցն այժմ արդեն կարող է օգտագործել համացանցում գրանցված, սակայն սոցցանցի օգտատեր չհանդիսացող մարդկանց մասին տվյալները` այլ կայքերում ըստ նախասիրության գովազդներ ցուցադրելու համար: Այս նոր գործառույթի մասին ընկերությունը հայտարարել էր շաբաթվա սկզբին:


Facebook-ը հնարավորություն է տալիս տարբեր ապրանքանիշերի` ընդլայնել իրենց գովազդների ցուցադրման տիրույթը նաև սոցցանցից դուրս: Դրա համար Facebook-ը կարող է համացանցի ցանկացած օգտատիրոջ մասին տվյալներ ստանալ նրա ինտերնետային դիտարկիչում (բրաուզեր) պահվող տվյալների միջոցով (cookies):


Այս մասին տեղեկացնելով` Business Insider-ը  ներկայացնում է նաև, թե ինչպես  սոցցանցի օգտատեր չհանդիսացողները կարող են խուսափել ֆեյսբուքյան գովազդներից:


Դրա համար անհրաժեշտ է նախ բացել Digital Advertising Alliance կայքէջը, որտեղ կերևան այն բոլոր ընկերությունները, որոնք նախասիրությունների վրա հիմնված գովազդներ են ցուցադրում օգտատերերի կողմից կիրառվող դիտարկիչներում:


Այնուհետև պետք է պարզապես ընտրել այն ընկերությունները, որոնցից չեք ցանկանում գովազդ ստանալ, և սեղմել «հաստատել ընտրությունները» (submit your choices) գործառույթի վրա:


Ֆեյսբուքյան գովազդներից կարող են խուսափել նաև սոցցանցի օգտատերերը, ինչի համար պետք է բացել կարգավորումներ բաժինը (Facebook settings), ընտրել գովազդներ հատվածը (Facebook adverts) և ընտրություն կատարել` ցանկանում եք գովազդներ տեսնել, թե ոչ:

Facebook-ը կարող է օգտագործել սոցցանցում չգրանցված օգտատերերի տվյալները՝ գովազդ ցուցադրելու համար