Volvo-ն հրաժարվել է փոքր մեքենաների արտադրությունից
Շվեդական Volvo մեքենաշինական ընկերության ղեկավար Հական Սամուելսոնը հայտարարել է, որ բրենդը չի պատրաստվում արտադրել այնպիսի փոխադրամիջոցներ, որոնք ավելի փոքր կլինեն, քան «40» ցուցիչով նոր կոմպակտ մեքենաները:
Ինչպես նշում է motor.ru-ն, պատճառն այն է, որ Volvo-ի ղեկավարությունը նման մեքենաների արտադրությունը շահավետ չի համարում ու այս բնագավառում որևէ ֆինանսական հեռանկար չի տեսնում:
«Մենք կենտրոնացած ենք այն սեգմենտների մեքենաների վրա, որոնք վաճառքի բարձր ցուցանիշներ կապահովեն ողջ աշխարհում: Ներկայում շատ դժվար է գումար աշխատել կոմպակտ մեքենաների արտադրության գծով»,- ասել է Սեմյուելսոնը:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին տարիների ընթացքում Volvo-ի ամենափոքր մոդելը եղել է C30 հեթչբեքը, որն արտադրվել է 2006-2013թթ.: Ընդհանուր առմամբ, 7 տարվա ընթացքում այս մեքենայից վաճառվել է 200.000-ից ոչ ավելի օրինակ:










