Հնդկական օվկիանոսում գրանցվել է խութերի գունաթափման ամենամասշտաբային դեպքը (լուսանկարներ)
Ժամանակակից աշխարհի բնական հրաշքներից մեկի` Ավստրալիայի Մեծ արգելախութի աննախադեպ գունաթափումից հետո սոսկալի միտումը նկատվել է նաև Հնդկական օվկիանոսի բյուրեղյա ջրերում:
Ինչպես նշում է The Guardian-ը, մասնավորապես՝ Մալդիվյան կղզիների մոտ գտնվող գեղատեսիլ խութերն ու մարջանները կլիմայական փոփոխությունների` օվկիանոսային ջրերի միջին ջերմաստիճանի բարձրացման հետևանքով սպիտակել են:
«Մեծ արգելախութում տեղի ունեցած սարսափելի գունաթափումը ոչ պակաս ցավալի շարունակություն է ունեցել Մալդիվներում: Դրանք բյուրեղյա մաքրությամբ ջրերի մեջ ապրող խութեր էին, որոնք այժմ մեռած են»,-նշել է Ocean Agency-ի հիմնադիր Ռոջեր Վևերսը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Մեծ արգելախութի 93 տոկոսն արդեն գունաթափվել է: Ըստ գիտնականների` Ավստրալիայի կառավարությունը պետք է 10 մլրդ դոլար հատկացնի բնական հրաշքի պահպանության համար:


















