Հարավային Կորեայի մետրոյում տեղը հղիներին զիջել «հուշող» ծրագիր է փորձարկվել
Հարավային Կորեայում նոր համակարգ են փորձարկել մետրոյում, որը Bluetooth-ի միջոցով ուղևորներին զգուշացնում է իրենց տեղը հղի կանանց զիջելու մասին:
Ինչպես հաղորդում է BBC-ն` Pink Light («Վարդագույն լույս») անվանումն ստացած ծրագիրը Բուսան քաղաքում փորձարկել են 500 հղի կանայք 5 օրվա ընթացքում:
Կանայք հատուկ սենսորներ էին կրում, որոնք ակտիվացնում էին մետրոյի նստատեղերի վարդագույն լույսերը:
Սենսորների մարտկոցներն աշխատում են 5 ամիս: Դրանք պետք է պահվեն պայուսակից դուրս` ազդակը հնարավորինս արագ տեղ հասցնելու համար: Սենսորները, սակայն, անջրանցիկ չեն:
Ծրագիրն ստեղծվել է քաղաքային խորհրդի և տեղի գործարարների համատեղ աշխատանքի արդյունքում:










