Գիտնականները փորձում են խոզերի օրգանիզմում մարդկային օրգաններ աճեցնել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները փորձում են խոզերի օրգանիզմում մարդկային օրգաններ աճեցնել, ինչը պայմանավորված է դոնորների պակասն այլընտրանքային միջոցներով լրացնելու ցանկությամբ:
Ինչպես նշում է The Guardian-ը, մարդկային ցողունային բջիջների և խոզի ԴՆԹ-ի միացման արդյունքում ստեղծվել են մասամբ մարդկային, մասամբ խոզի սաղմեր, որոնք ապրել են 28 օր: Դրանից հետո նրանց կյանքն արհեստականորեն ընդհատվել է, ու գիտնականները սկսել են անալիզի ենթարկել սաղմերը:
Մասնագետները կարծում են, որ որևէ մարդկային օրգան իրենց ներսում ունեցող խոզերն ապագայում կարող են հուսալի աղբյուր լինել կենսական նշանակություն ունեցող օրգանների փոխպատվաստման բնագավառում:
Աղբյուրը մանրամասնում է, որ անցած տարի ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտը տվյալ նախագծի առնչությամբ հայտարարել էր, որ չի աջակցի դրա իրականացմանը, քանի դեռ առավել շատ տեղեկություններ չեն ներկայացվել դրա հետևանքների վերաբերյալ:
Որոշ մասնագետներ մտավախություններ ունեն, որ մարդկային բջիջների ներկայությունը կարող է ազդել կենդանու ուղեղի ու ընդհանուր պահվածքի վրա` այն դարձնելով ավելի մարդանման:
Սակայն հետազոտության ղեկավար պրոֆեսոր Պաբլո Ռոսի խոսքով՝ խոզերի մոտ մարդանման պահվածքի հավանակությունը շատ ցածր է: Նա հավելել է, որ խոզը կատարյալ ինկուբատոր է մարդկային օրգաններ աճեցնելու համար:
«Այս ճանապարհով ստացված օրգանները կլինեն շատ ավելի մաքուր ու առողջ, քան մարդ դոնորներից վերցված նմուշները»,-ասել է գիտնականը:










