Նորվեգիայում մտադիր են արգելել բենզինային ու դիզելային շարժիչներով մեքենաների օգտագործումը
Նորվեգիայի իշխանությունները մտադիր են օրենք ընդունել, որը կարգելի երկրում բենզինային ու դիզելային շարժիչներով ավտոմեքենաների օգտագործումը:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, օրինագծի ընդունման դեպքում արգելքն ուժի մեջ կմտնի 2025 թվականին: Աղբյուրը հավելում է, որ ներկայում տվյալ օրինագիծը քննարկում են Նորվեգիայի 4 հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնք, ըստ ամենայնի, համաձայնության կգան տվյալ հարցի շուրջ:
Օրինագծի ընդունման դեպքում 9 տարուց Նորվեգիայում մարդիկ իրավունք կունենան տեղաշարժվելու միայն էլեկտրական մեքենաներով կամ էլ` ջրածնային ուժային ագրեգատներով համալրված փոխադրամիջոցներով:
Աղբյուրը մանրամասնում է, որ մայիս ամսվա տվյալներով` Նորվեգիայում վաճառվել է 100.000-ից ավելի էլեկտրական մեքենա ու լիցքավորվող հիբրիդ: Հետաքրքրական է, որ երկրում էկոլոգիապես մաքուր մեքենաների գնորդներն ազատվում են փոխադրամիջոցի գնման ու գրանցման հարկերից, ինչպես նաև կարողանում են օգտվել անվճար լիցքավորման կայաններից ու առանց գումարի կայանել իրենց մեքենաները:










