Հատուկ ակնոց է ստեղծվել, որը կթաքցնի սմարթֆոնի էկրանը օտար հայացքներից (տեսանյութ)
Հանրային տրանսպորտում կամ հասարակական վայրերում սմարթֆոնից օգտվելիս հաճախ կարելի է նկատել հեռախոսի էկրանին ակնապիշ նայող օտար հայացքներ: Այդ հայացքներից խուսափելու «կախարդական» տարբերակ է առաջարկել Ջելալ Գոջերը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` բջջային հեռախոսներ վերանորոգող 42-ամյա թուրք մասնագետը, որը բնակվում է Դիարբեքիր նահանգում, հատուկ ակնոց է ստեղծել, որը, սմարթֆոնի էկրանի հետ փոխազդեցության մեջ մտնելով, այնպես է անում, որ միայն ակնոցը կրողը տեսնի էկրանի վրա պատկերված բովանդակությունը:
Այս միտքը նրա մոտ ծագել է 4 ամիս առաջ` հանրային տրանսպորտում սմարթֆոնով էլեկտրոնային նամակները կարդալիս, երբ նկատել էր, որ ուղևորներից ոմանք անթարթ հայացքով նայում են իր հեռախոսի էկրանին:
Փորձառու մասնագետը այնպիսի համակարգ է մշակել, որը յուրաքանչյուր հեռախոսի, պլանշետի կամ նոթբուքի էկրան վերածում է ամբողջովին սպիտակ տիրույթի: Էկրանի իրական պարունակությունը տեսնել հնարավոր է միայն հատուկ ակնոցը կրելիս: Թե ինչպես է այդ տեխնիկան աշխատում, մասնագետը դեռ չի բացահայտել:










