Բելգիայի հիվանդանոցներում աշխատանքի են անցել հումանոիդ ռոբոտները (լուսանկարներ)
Բելգիական Լյեժ և Օստենդ քաղաքների մի շարք հիվանդանոցներում աշխատանքի են անցել հումանոիդ ռոբոտները, որոնք ընդունարանում փոխարինել են մարդկանց:
Ինչպես նշում է The Guardian-ը, բոլոր ռոբոտներն ունեն մեկ ընդհանուր անուն` Փեփեր: Դրանք իրենց աշխատանքային պարտականությունները սկսել են կատարել երեկվանից:
Աղբյուրը մանրամասնում է, որ 140 սմ բարձրությամբ ու անիվներով համալրված ռոբոտներից յուրաքանչյուրի կրծքավանդակի հատվածում կա էկրան: Նշվում է նաև, որ դրանք աշխարհում առաջին ռոբոտներն են, որոնք որպես աշխատուժ են օգտագործվելու հիվանդանոցներում:
Ռոբոտները կարողանում են ճանաչել մարդկային ձայնը, հասկանում են 20 օտար լեզու ու կարողանում են որոշել, թե ում հետ են զրուցում` տղամարդու, կնոջ, թե երեխայի:
Փեփերի ստեղծողները պատմել են, որ ռոբոտներից յուրաքանչյուրի գինը 30.000 եվրո է: Նշվում է, որ նախքան հիվանդանոցներ բերվելը՝ ռոբոտները փորձարկվել են Ճապոնիայում ու Ֆրանսիայում:












