Apple-ը 1 մլրդ դոլար է ներդրել Uber-ի չինական տարբերակում. լրատվամիջոցներ
Ամերիկյան Apple կորպորացիան 1 միլիարդ դոլար է ներդրել չինական Didi Chuxing առցանց տաքսի ծառայության մեջ: Այդ մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ծառայությունը 7,3 միլիարդ դոլարի ֆինանսավորում է ներգրավել: Ներդրողներից, որոնց թվում են Apple-ը և China Life Insurance ապահովագրական ընկերությունը, տաքսի ծառայությունն ընդհանուր առմամբ 4,5 միլիարդ դոլար է ստացել:
Բացի այդ, ծառայությունը China Merchants Bank-ից 2,5 միլիարդ դոլարի վարկ է ստացել և China Life Insurance-ից 300 միլիոն դոլարի երկարաժամկետ պարտատոմսեր:
Ինչպես նշում է գործակալությունը, Didi Chuxing-ը պատրաստվում է օգտագործել ներդրումներն իր առցանց հարթակը թարմացնելու և Չինաստանում ու երկրի սահմաններից դուրս իր գործունեությունն ընդլայնելու համար:
Didi Chuxing-ը Չինաստանում Uber-ի մրցակիցն է։










