«Одноклассники»-ն առցանց հեռարձակումների համար նախատեսված հատուկ բջջային հավելված է թողարկել
«Одноклассники» սոցիալական ցանցն առցանց հեռարձակումների համար հատուկ OK Live բջջային հավելվածն է թողարկել, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Հավելվածը կարելի է ներբեռնել Google Play և AppStore ծառայությունների միջոցով Հայաստանում, Ղազախստանում ու Մոլդովայում։ Ավելի ուշ այն կհայտնվի Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում, որտեղ «Одноклассники»-ն տարածված է օգտատերերի շրջանում։
OK Live հավելվածի միջոցով հնարավոր է բջջային հեռախոսից հեռարձակում իրականացնել «Одноклассники»-ի անձնական էջում և խմբերում։ Ծառայության հիմքում ընկած է սեփական տեսահարթակը, ինչը հնարավորություն է ընձեռում OK Live հավելվածի միջոցով ստեղծված ուղիղ թողարկումները դիտել ցանկացած սարքերի միջոցով։
«ОК Live բջջային հավելվածը տեսահարթակի տրամաբանական զարգացումն է ու սոցցանցի անբաժանելի մասը՝ կայքի օգտատերերին հնարավորություն ընձեռելով հեռարձակումներ անել ցանկացած վայրում ու ցանկացած պահի», - տեղեկացրել է ծրագրի ղեկավար Մարինա Կրասնովան։
OK Live հավելվածի փակ փորձարկումը սկսվել է 2016 թվականի ապրիլի վերջին, իսկ առաջին հանրային հեռարձակումն անց է կացվել մայիս ամսին։










