Թուրքական Իզմիթում հայտնաբերվել են 2.000-ամյա հռոմեական տաճարի աստիճանները

11:55 • 17.06.16

Թուրքիայի Իզմիթ քաղաքում պեղումների արդյունքում հայտնաբերվել են 17 շարքից բաղկացած հին աստիճաններ, որոնք պատկանում են 2.000 տարվա պատմություն ունեցող հռոմեական տաճարին:



Ինչպես նշում է hurriyetdailynews.com-ը, ուշագրավ հայտնագործության մասին հայտնել է երկրի հյուսիս-արևմտյան Քոջաելի նահանգի մշակույթի ու զբոսաշրջային հարցերով գործակալության տնօրեն Ադնան Զամբուրքանը:

«Դեպի վեր ձգվող աստիճանների տակ կան թունելի մնացորդներ: Մենք ենթադրում ենք, որ այս 2 կառույցներն իրար հետ կապված են եղել»,-ասել է պաշտոնյան:

 

Նա նաև հավելել է, որ պեղումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք հնագույն արտեֆակտներ, որոնք շուտով ցուցադրության են հանվելու:

Աղբյուրը հավելում է, որ Իզմիթը եղել է Հռոմեական կայսրության մայրաքաղաքը, որտեղ ժամանակին կառուցվել են վեհաշուք տաճարներ ու պալատներ:

 

 

Թուրքական Իզմիթում հայտնաբերվել են 2.000-ամյա հռոմեական տաճարի աստիճանները