Արևային մարտկոցներով Solar Impulse 2 օդանավը կփորձի հատել Ատլանտյան օվկիանոսը

12:39 • 20.06.16

Արևային մարտկոցներով գործող Solar Impulse 2 օդանավը, որն իրականացնում է իր տեսակի մեջ առաջին շուրջերկրյա ճամփորդությունը,  Նյու Յորքից ուղևորվել է դեպի հաջորդ նշանակետը:



Ինչպես նշում է ria.ru-ն, ավելի վաղ ինքնաթիռը վայրէջք է կատարել Նյու Յորքի` Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում, ինչը Solar Impulse 2-ի` Ատլանտյան օվկիանոսի վրայով կարևոր թռիչքից առաջ վերջին կանգառն է եղել ԱՄՆ-ում:

 

Հայտնի է, որ օդաչու Բերտրան Պիկարը փորձելու է հատել Ատլանտյան օվկիանոսն ու ապացուցել, որ էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցները հեռանկարային են ու մեծ ապագա ունեն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Solar Impulse 2-ը թռիչքի համար կիրառում է բացառապես արևային էներգիան: 2015թ. մարտի 9-ին ներկայացված օդանավն իր շուրջերկրյա ճամփորդությունը սկսել է Աբու Դաբիից ու արդեն հասցրել է լինել Օմանում, Հնդկաստանում, Մյանմայում, Չինաստանում, Ճապոնիայում ու ԱՄՆ-ում: Այդ ընթացում այն հասցրել է առանց կանգառի ամենաերկար թռիչքի ռեկորդ սահմանել` օդում անդադար գտնվելով 120 ժամ:

Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա 2.3 տոննա քաշով ու 72 մ բացվածք ունեցող թևերով ինքնաթիռի վրա տեղադրված է 17.200 հատ արևային մարտկոց: Դրա զարգացրած առավելագույն արագությունը 140 կմ/ժ է:

 

 

 

Արևային մարտկոցներով Solar Impulse 2 օդանավը կփորձի հատել Ատլանտյան օվկիանոսը