«Ռոսկոսմոսը» մտադիր է Լուսնի վրա 12 հոգանոց կայան հիմնել
«Ռոսկոսմոսի» գլխավոր գիտական կազմակերպությունը («ՑՆԻԻմաշ») մտադիր է Լուսնի վրա այնպիսի կայան ստեղծել, որը կկարողանա մինչև 12 տիեզերագնաց ընդունել:
Ինչպես նշում է lenta.ru-ն, կազմակերպության մամուլի խոսնակ Օլգա Ժարովան մանրամասնել է, որ լուսնային կայանի կառուցման համար վայրը դեռևս չի ընտրվել:
«Լուսնային կայանի գործարկման սկզբնական փուլում դրա անձնակազմի անդամների թիվը չի գերազանցի 2-4 հոգին, իսկ հետագա փուլերում նրանց թիվը կարող է հասնել 10-12-ի»,-ասել է Ժարովան` հավելելով, որ տիեզերագնացների ակտիվ գործունեության համար անհրաժեշտ է, որ տվյալ ենթակառուցվածքը գտնվի Լուսնի մակերևույթին:
Նշվում է նաև, որ լուսնային շինարարական տեխնիկայի վերաբերյալ էսքիզային նախագծերն արդեն ներկայացվել են, սակայն փորձնական նմուշների պատրաստման ծրագրեր դեռևս չկան:










