Մթության մեջ սմարթֆոնի էկրանին նայելը ժամանակավոր կուրություն է առաջացնում
Երկու կնոջ խոսքերով՝ սմարթֆոնների էկրաններին շարունակաբար նայելն իրենց մոտ առաջացրել է ժամանակավոր կուրություն, հաղորդում է The Guardian-ը։
Բրիտանական New England Journal of Medicine կայքում բժիշկները մանրամասնել են 22 և 40 տարեկան կանանց հետ կատարված դեպքը. նրանք ամիսներ շարունակ «անցողիկ սմարթֆոնային կուրություն» են ունեցել։
Կանայք բողոքում էին տեսողության ժամանակավոր կորստից, որը, սովորաբար, տևում էր մոտ 15 րոպե։ Նրանք ենթարկվել են բազմաթիվ հետազոտությունների, սակայն բժիշկները չեն կարողացել որևէ առողջական խնդիր գտնել։ Երբ կանայք գնացել են ակնաբույժի մոտ, ամեն ինչ պարզ է դարձել։
«Ես ուղղակի հարցրեցի, թե ինչ էին նրանք այդ պահին անում։ Պարզվեց՝ նրանք պառկած վիճակում մի աչքով նայում էին սմարթֆոնների էկրաններին, քանի որ մյուս աչքը դիրքի պատճառով բարձով փակված էր լինում։ Այսպիսով, մի աչքը սովորում է լույսին, իսկ մյուսը՝ մթնին, և երբ նրանք հեռախոսը մի կողմ են դնում, բաց եղած աչքը չի հասցնում միջավայրին հարմարվել», - պատմում է ակնաբույժ Գորդոն Փլանթը։
Նա նաև նշում է, որ ժամանակավոր կուրությունն անվնաս ու հեշտությամբ խուսափելի երևույթ կլիներ, եթե մարդիկ էկրաններին երկու աչքով նայեին։










