Արևային էներգիայով գործող Solar Impulse 2 օդանավը թռել է Ատլանտյան օվկիանոսի վրայով (տեսանյութ)
Արևային մարտկոցներով համալրված Solar Impulse 2 ինքնաթիռը, որը շուրջերկրյա ճամփորդություն է իրականացնում, 70 ժամ Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչելուց հետո վայրէջք է կատարել իսպանական Սևիլյա քաղաքում:
«Օդաչու Բերտրան Պիկարը վայրէջք է կատարել Սևիլյայում` ավարտելով պատմության մեջ արևային էներգիայով Ատլանտյան օվկիանոսի վրայով 70 ժամանոց առաջին թռիչքը»,- մեջբերում է gazeta.ru-ն նախագծի թվիթերյան էջում տարածված հայտարարությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 20-ին ինքնաթիռը դուրս է եկել Նյու Յորքից` ուղևորվելով Սևիլյա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, շվեյցարական Solar Impulse 2 ինքնաթիռն իր տեսակի մեջ առաջին օդային փոխադրամիջոցն է, որն ունակ է թռչել և՛ ցերեկը, և՛ գիշերը: Այն իր շուրջերկրյա ճամփորդությունը սկսել է ընթացիկ տարվա մարտին` Աբու Դաբիում:
Ինքնաթիռն ունի 2 հսկայական թև, որոնց վրա տեղակայված է 17.000 հատ արևային մարտկոց: Մոտ 2.5 տոննա կշռող ինքնաթիռն արևային էներգիան լավագույնս կլանելու համար բարձրանում է 8.5 կմ բարձրության վրա: Solar Impulse 2-ի զարգացրած առավելագույն արագությունը 138 կմ/ժ է:
BREAKING @bertrandpiccard lands in #Seville completing, in 70h, the 1st #Atlantic solar flight #futureisclean pic.twitter.com/z8o96ynFDa
— SOLAR IMPULSE (@solarimpulse) June 23, 2016










