Google-ը նոր ռոբոտ է ներկայացրել, որը կօգնի տնային գործերում (շարժանկարներ)
Google-ին պատկանող Boston Dynamics ընկերությունը հինգշաբթի գաղտնազերծել է իր նորագույն ռոբոտին, որն ստացել է SpotMini անվանումը:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` այն ընկերության` ավելի վաղ ստեղծած Spot կոչվող և տեսքով շան նմանվող ռոբոտի ավելի փոքր տարբերակն է: SpotMini-ն նախատեսված է մարդկանց տնային գործերում օգնելու և անգամ ընկերակցելու համար: SpotMini-ն էլեկտրական ռոբոտ է և կարող է 90 րոպե աշխատել մեկ լիցքավորմամբ:
Ինչպես երևում է ներկայացված շարժանկարներում` նորագույն ռոբոտը ունակ է բաժակը զգուշորեն տեղադրել սպասք լվացող մեքենայի մեջ:
SpotMini-ն նաև հավաքում է աղբը և նետում աղբարկղը:
Ռոբոտի ճկուն կառուցվածքը թույլ է տալիս ազատ տեղաշարժվել սենյակում` չբախվելով այս կամ այն իրին:
Այն նույնիսկ հեշտությամբ կանգնում է ընկնելուց հետո:
Ռոբոտին կարելի է նաև սովորեցնել տարբեր իրեր մատուցել:










