Հայտնաբերվել է մոլորակ, որի գոյությունն անհավանական է
Աստղագետների միջազգային խումբը հայտնել է նոր՝ հսկայական K2-39b մոլորակի բացահայտման մասին, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Phys.org գիտական պորտալին։ Մոլորակը հայտնաբերվել է NASA-ի Kepler K2 հեռադիտակի միջոցով և, ֆիզիկայի օրենքներին համաձայն, այն չի կարող գոյություն ունենալ։ Մոլորակն այնքան մոտ է պտտվում մի հսկայական աստղի, որ մակընթացային ուժերի ազդեցության տակ պիտի արդեն կործանված լիներ։
Վերգետնյա չափումները թույլ են տվել ապացուցել մոլորակի գոյությունն ու որոշել, թե ինչ ազդեցություն է նա ունենում իր հարևան աստղի վրա։
Գիտնականները նաև նշում են, որ նմանատիպ մոլորակներ շատ հազվադեպ են հանդիպում, և նրանց կյանքի տևողությունը տիեզերական չափանիշներով բավական կարճ է՝ ընդամենը 150 միլիոն տարի։










