Hubble-ը հաստատել է Նեպտունի վրա հսկայական բծի առկայությունը

13:00 • 24.06.16

2016 թվականի մայիսի 16-ին Hubble տիեզերական աստղադիտակի միջոցով արվել են Նեպտունի հարավային կիսագնդի վրա առկա մուգ բծի լուսանկարները։ Սա նման գոյացության առաջին լուսանկարն է, որ արվել է 21-րդ դարում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի ավիատիեզերական գործակալությանը՝ ՆԱՍԱ-ին։

 

Բիծն իրենից ներկայացնում է բարձր ճնշումով մթնոլորտային հորձանուտ, որի տարածումը մոլորակի գազային ծածկույթում ուղեկցվում է ամպային կազմավորումներով։ Այդ կազմավորումները բաղկացած են մեթանի սառցե բյուրեղներից ու բծին հաղորդում են մուգ գույն։

 

Գիտնականներին հաջողվել է OPAL (Outer Planet Atmospheres Legacy) ծրագրի շրջանակում հետևել բծի չափերի փոփոխությանն ու մթնոլորտում տեղաշարժին։ Նմանատիպ դիտարկումներ արվում են նաև այլ գազային հսկաների վերաբերյալ (Յուպիտեր, Սատուրն և Ուրան)։

 

Ավելի վաղ Նեպտունի վրա խոշոր բծի առկայությունը ենթադրվում էր 1989 թվականին Voyager կայանից արված երկու լուսանկարների հիման վրա։ 1993 թվականին Hubble-ն նույնպես ստացել է գոյացության լուսանկարները, իսկ վերջին հետազոտությունները վերջնականապես հաստատել են բծի առկայությունը մոլորակի վրա։

 

Hubble-ը հաստատել է Նեպտունի վրա հսկայական բծի առկայությունը