Արվել են հոտառական ցուցիչներ արտադրելու առաջին փորձերը
Հեռախոսներն ու էլեկտրական սարքերն ի վիճակի են ձայնի, լույսի, շարժման, հպումի, ուղղության ու եղանակի մասին տեղեկություններ հայտնել, բայց ոչ՝ հոտերի։ Բազմաթիվ ընկերություններ փորձել են այս բացթողումը լրացնել, սակայն մինչ օրս հաջողության չեն հասել։
Սկսնակ բիզնեսմեններին աջակցող, համակարգչային տեխնիկայի ընկերության ձեռնարկատեր Ռեդգ Սնոդգրասը Reuters.com գործակալության հետ զրույցում ասել է, որ հզոր շարժական էլեկտրոնային քիթը կյանքի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են առողջությունը, սնունդը, անձնական հիգիենան ու նույնիսկ անվտանգությունը, նոր հորիզոններ է բացելու։
«Պատկերացրեք՝ հնարավոր լինի էլեկտրոնային հավելվածի միջոցով պարզել, թե ինչ են մարդիկ ուտում, ինչ հիվանդությամբ են տառապում, կամ զգալ հնարավոր ահաբեկչի վախը»,- ասում է նա։
Գրենոբլում գտնվող Aryballe Technologies ընկերությունը վերջերս թողարկել է NeOse էլեկտրոնային սարքը, որը, գիտնական Թրիստան Ռասելի խոսքերով, ի սկզբանե կտարբերակի մոտ 50 տարածված հոտ։
Հարվարդի համալսարանի ինժեներ-քիմիկոս Դեվիդ Էդվարդսը նշել է. «Աշխատանքը դժվարացնում է այն, որ հոտը լույսի կամ ձայնի պես էներգիա չէ, այլ զանգված։ Այդ իսկ պատճառով ամեն մի հոտ տարբերակելու համար պահանջվելու են տարբեր տեսակի ցուցիչներ։ Մյուս խնդիրն այն է, որ գիտնականները չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես է աշխատում մարդկանց ու կենդանիների հոտառությունը»։
Վերջերս Samsung Electronics ընկերությունը արտոնագրի է արժանացել հոտառական ցուցիչ հայտնագործելու համար։ Տեսականորեն ցուցիչը կարող է աշխատացվել ցանկացած էլեկտրոնային սարքի միջոցով։
Գիտնական Էվըրի Գիլբերթը կարծում է, որ մի օր այս տեսակի սարքերը հասարակ երևույթ են դառնալու, բայց գործընթացը դեռ շատ ժամանակ ու աշխատանք է պահանջում։










