ԱՄՆ-ում բժիշկները կաթվածի բուժման նոր մեթոդ են փորձարկում

22:00 • 28.06.16

Քլիվլենդի կլինիկայի բժիշկներն առաջին անգամ փորձելու են խթանել կաթված ունեցած հիվանդիների գլխուղեղի աշխատանքը։ Փորձարկման էությունը կայանում է նրանում, որ հիվանդի գլխուղեղի մեջ էլեկտրոդներ են իմպլանտացվելու՝ փոքր չափերի էլեկտրական իմպուլսներ հաղորդելու համար, ինչը մարդկանց օգնելու է վերականգնել իրենց շարժումների նկատմամբ հսկողությունը, հաղորդում է Time.com-ը։ 

Դաշնային իշխանություններն արդեն թույլ են տվել փորձերի անցկացումը, և հիմա բժիշկները սպասում են առաջին կամավորի հայտնվելուն։ 

«Չնայած ֆիզիկական թերապիայի և կաթվածի բուժման ոլորտում առաջընթացին՝ շատ նարդիկ ապրում են երկարաժամկետ հաշմանդամությամբ, և նրանց օգնելու համար անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ», - ասում է Քլիվլենդի կլինիկայի նյարդաբանական ինստիտուտի նախագահ բժիշկ Անդրե Մաչադոն, ով ղեկավարելու է փորձի ընթացքը։ 

Քանի որ գործընթացը փորձարարական է լինելու, հնարավոր են անհայտ ռիսկեր։ Կախված նրանից, թե ինչ ընթացք է ունենալու առաջին փորձը, գիտնականները բուժման մեջ ավելի շատ մարդ են ներգրավելու։ Վերջնական հաջողության դեպքում մեթոդը ֆիզիկական վերականգնման հետ մեկտեղ դառնալու է գլխուղեղի կաթվածի թերապիայի կարևոր մաս։ 

«Տվյալ մեթոդի նպատակը ոչ թե ֆիզիկական թերապիայի փոխարինումն է, այլ հակառակը՝ դրա օգտակարության բարձրացումը։ Մեր նպատակը հիվանդների ապաքինման արագացումն է»,- նշել է Մաչադոն։

ԱՄՆ-ում բժիշկները կաթվածի բուժման նոր մեթոդ են փորձարկում