Անհետացած թռչունների փետուրներ են հայտնաբերվել սաթի կտորի մեջ (լուսանկարներ)
Չինաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեծ Բրիտանիայի գիտնականները սաթի հնագույն նմուշի մեջ հայտնաբերել են խորհրդավոր ատամնավոր թռչունների լավ պահպանված փետուրներ, հաղորդվում է Nature.com գիտական կայքում հրապարակված հոդվածի մեջ։
Այդ թռչուններն անհետացել են դինոզավրերի հետ միասին և միանգամայն այլ ձևով էին թռչում, քան ժամանակակից թռչունները, մանրամասնում են հետազոտողները։
Նշվում է, որ հայտնագործությունն արվել է հյուսիս-արևելյան Բիրմայում։ 99 միլիոն տարի հնությամբ սաթի կտորի մեջ հնեաբանները հայտնաբերել են թռչնի ձագի կմախքի հատված՝ թևի երեք ոսկոր, ընդամենը 2-3 սանտիմետր երկարությամբ։ Ամեն մի ոսկոր ավարտվում է սուր ճանկով, որը պիտի մոտավորապես թևի կենտրոնից դուրս գար։ Դրանց օգնությամբ թռչունները հեշտությամբ տեղաշարժվում էին ծառերի վրայով։
Հնէաբանները ենթադրում են, որ թռչնի ձագը խեժի մեջ խրվել էր ծնվելուց անմիջապես հետո, երբ փորձում էր ծառով վեր բարձրանալ։ Ոսկորներից բացի գտածոն պարունակում է փետուրների մնացորդներ, այդ թվում նաև՝ մասամբ պահպանված գունավորմամբ։ 100 միլիոն տարվա հնությամբ փետուրների կառուցվածքը շատ նման է ժամանակակից թռչունների փետուրների կառուցվածքին։ Պահպանվել են նույնիսկ գունավորման տարրեր, բծեր և տարբեր գույների գծեր, որոնք մատնանշում են այդ տեսակի թռչունների խայտաբղետ գունավորումը։
Գիտնականների խոսքերով՝ գտածոն շատ կարևոր նշանակություն ունի ինչպես անցյալի ուսումնասիրության, այնպես էլ ժամանակակից գիտության առաջընթացի համար։














