Գիտնականները «Մարսի պայմաններում» միրգ-բանջարեղեն են աճեցրել
2026 թ. առաջին մարդկանց Մարս ուղարկելու նպատակ ունեցող Mars One հավակնոտ նախագծի կազմակերպիչներին հաջողվել է Նիդեռլանդներում «Կարմիր մոլորակի» միջավայրը կրկնօրինակող պայմաններում միրգ-բանջարեղենի մի քանի տեսակ աճեցնել:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, հոլանդացի մասնագետներին հաջողվել է աճեցնել մարդու առողջության համար որևէ վտանգ չներկայացնող լոլիկ, կարտոֆիլ, բողկ, տարեկան, ոլոռ և այլ բաներ:
Փորձնական նմուշների լաբորատոր անալիզի արդյունքում պարզվել է, որ դրանց կազմում շատ քիչ է ալյումինի, երկաթի ու կապարի պարունակությունը, որոնք մեծ քանակությամբ առկա են Մարսի հողում: Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ նյութերի չափից շատ պարունակությունը սննդի մեջ վտանգավոր է մարդու առողջության համար:
«Ստացված արդյունքները բավական խոստումնալից են: Իրականում մենք կարող ենք առանց անհանգստանալու ուտել մարսյան հողի պայմաններում աճեցված սնունդն ու տեսնել, թե ինչ համ ունի այն »,-նշել է հետազոտության մասնակից Վիգեր Վամելինկը:
Հայտնի է, որ աճեցված սնունդն առաջինը փորձելու են նրանք, ովքեր մասնակցում են Mars One նախագծին ու պետք է թռչեն դեպի հեռավոր մոլորակ:
Նրանցից մեկը` լեհ տիեզերագնաց Միկոլայ Ժիլինսկին, նշել է, որ գիտնականները նախևառաջ պետք է սովորեն հենց Մարսի հողի վրա միրգ-բանջարեղեն աճեցնելու տեխնիկան ու այնպես անեն, որ այնտեղ աճեցված սնունդը լինի ոչ պակաս օգտակար, սննդարար, վիտամիններով, հանքանյութերով ու պրոտեիններով հագեցված:










