Ներկայացվել է Ferrari LaFerrari հիբրիդային սուպերքարի նոր տարբերակը` առանց տանիքի (լուսանկարներ)
Ferrari ընկերությունը հրապարակել է LaFerrari հիբրիդային սուպերքարի բաց տանիքով տարբերակը, որն, ինչպես ակնկալվում է, կստանա Spider անվանումը: Motor.ru-ի փոխանցմամբ՝ ռոդսթերի առաջին լուսանկարը հայտնվել է իտալական ավտոարտադրողի թվիթերյան էջում:
Նախկինում ընկերության գլխավոր սուպերքարի նոր տարբերակի թողարկման մասին տեղեկությունը հաստատել էր Fiat Chrysler Automobiles դաշինքի ղեկավար Սերջիո Մարկիոնեն: Ենթադրվում է, որ սուպերքարի հանրային պրեմիերան կկայանա հոկտեմբերին` Փարիզի ավտոսրահում:
Իտալական ընկերության ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցություններ վարել ռոդսթերի պոտենցիալ գնորդների հետ:
Մոդելի տեխնիկական բնութագրիչների մասին տեղեկություններ դեռևս չկան, սակայն հավանական է, որ այն զինվի նույն 953 ձիաուժ հզորությամբ ուժային համակարգով, որը գործում է LaFerrari կուպեում: Համակարգը ներառում է 12 մխոցային ատմոսֆերային շարժիչ` 6.3 լիտր ծավալով, 120 կիլովատտ հզորությամբ էլեկտրաշաժիչ, ինչպես նաև լիթիում-իոնային մարտկոցների համալիր և 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփ:
Նոր սուպերքարի արժեքը կկազմի 3.5 մլն եվրո:













