Կալիմանտանյան օրանգուտաններն ու կետաշնաձկները անհետացման եզրին են հայտնվել` մարդու գործունեության պատճառով
Մալայան արշիպելագի Բոռնեո (Կալիմանտան) խոշորագույն կղզում բնակվող օրանգուտաններն ու կետաշնաձկներն անհետացման վտանգի առաջ են կանգնած մարդու գործունեության հետևանքով:
Ինչպես փոխանցում է The Independent-ը` Բնության պահպանության միջազգային միությունը զգուշացնում է, որ կալիմանտանյան օրանգուտանների թվաքանակը կտրուկ նվազել է` 1973-ի տվյալներով 288 500-ից հասնելով 100 000-ի: Այս կենդանատեսակի պոպուլյացիան, ըստ կանխատեսումների, 2025-ին կարող է հասնել 47 000-ի:
Հետազոտությունը պարզել է, որ կենդանիների անհետացման վրա ազդում է ոչ միայն բնակմիջավայրի ոչնչացումը, այլև պարզվել է, որ վերջին 4 տասնամյակի ընթացքում տարեկան 2000-3000 օրանգուտան է սպանվում որսորդների կողմից:
Վտանգված կենդանիների կարմիր ցուցակում հայտնվել են նաև կետաշնաձկները, որը աշխարհի ամենամեծ ձուկն է հանդիսանում:
Դանդաղաշարժ շնաձկների այս տեսակի թվաքանակը կրճատվել է վերջին 75 տարում` Ասիայում դրանց մսի և լողակների աճող օգտագործման պատճառով:











