Պայքարի ժամանակավոր դադար կա, սակայն, երբ լուծումներ առաջարկվեն, մարդիկ կրկին ոտքի կկանգնեն. «Ժառանգության» անդամներ
«Սասնա ծռերի» գործունեության հետևանքով Հայաստանում լյուստրացիա տեղի ունեցավ, և քաղաքական ուժերից շատերը միանգամից ընդհատակ անցան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ով իր կուսակից Հովսեփ Խուրշուդյանի հետ մանրամասներ ներկայացրեց հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: «Երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին ՊՊԾ գունդը, երկրում լյուստրացիա տեղի ունեցավ, քաղաքական ուժերից մի քանիսը պարզապես կորեցին: Խմբի անդամները ցնցեցին իշխանական ճահիճը»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Անդրադառնալով հուլիսի 29-ին Սարի թաղում ծավալված գործողություններին՝ Սանասարյանն ասաց, թե անհիմն մեղադրանքներ են առաջադրվել իրենց, քանի որ իրենք որևէ զանգվածային անկարգություն չեն կատարել:
«Մենք այդ օրը գնացել էինք Սարի թաղ, որովհետև տեղեկություններ ունեինք, որ ՊՊԾ գնդում ակտիվ կրակահերթեր են և վիրավորներ կան: Այնտեղ ակցիայի մասնակիցներն ականատես եղան ոստիկանական պատի, որը հաջողվեց ճեղքել և առաջ գնալ: Մենք ասում էինք, որ ուժ չկիրառեն, քանի որ այստեղ որևէ գործողություն չի կատարվելու. ակնհայտ էր, որ կրակելու էին խաղաղ ցուցարարների վրա»,- ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է փորձել բանակցել բարձրաստիճան ոստիկանների հետ:
Հարցին, թե արդյոք կողմերին բավարարո՞ւմ են ոստիկանական համակարգում տեղի ունեցած պաշտոնանկությունները, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Այդ մարդիկ ոչ թե պետք է ազատվեին պաշտոններից, այլ կանգնեին դատարանի առաջ։ Ազատվելը նվեր է, նույնիսկ չեն ազատվել, կադրերի ռեզերվում են, Ներսիկ Նազարյանն էլ էր կադրերի ռեզերվում, վերջերս պաշտոնի նշանակվեց»:
Անդրադառնալով հավաքների ընթացքին՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ հիմնականում ձերբակալվել և կալանավորվել են այն մարդիկ, ովքեր զանգվածային միջոցառումների կազմակերպիչներ էին:
Tert.am-ի հարցին, թե հավաքի կազմակերպիչ անձինք արդեն ազատության մեջ են, ինչպե՞ս են շարունակվելու և կազմակերպվելու հավաքները, և արդյոք հասարակությունը կրկին փողոց դուրս կգա՞, որովհետև ՊՊԾ գնդի ազատումից հետո մարդիկ փողոց դուրս չեն գալիս, Դավիթ Սանասարյանը պատասխանեց.
«Ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր Խորենացու իրադարձություններից հետո փողոց դուրս չեն եկել: Հասկանալի է, որ մարդիկ Խորենացիում էին, որովհետև վտանգ էր սպառում «Սասնա ծռերի» անդամներին: Փողոց դուրս չգալուն նպաստում է նաև շոգը, հանգստի սեզոնը, բայց, ես վստահ եմ, որ երբ քաղաքական ուժերն այս խնդրի շուրջ լուծումներ ներկայացնեն, այդ մարդիկ նորից ոտքի կկանգնեն: Պայքարի ժամանակավոր դադար կա, բայց ամեն ինչ համակարգվելու է: Այսօր էլ հանրահավաք կա Ազատության հրապարակում, որի ընթացքում, հավանաբար, հայտարարություններ կարվեն: Այս ամենը դեռ քննարկման փուլում է»։
Հովսեփ Խուրշուդյանն էլ հավելեց, որ, իրենց ազատազրկելով, միջազգային կառույցների ուշադրությունը սևեռել են Հայաստանի վրա.
«Քանի որ ես և Դավիթ Սանասարյանը բազմաթիվ միջազգային կառույցների անդամ ենք, մեր ազատազրկմամբ նրանց ուշադրությունը սևեռվեց Հայաստանի վարած քաղաքականության վրա: Միջազգային կառույցների հետ բազմաթիվ անգամ հանդես ենք եկել կոչով, որպեսզի ազատ արձակեն քաղբանտարկյալներին, իսկ այս գործողություններից հետո, երբ Հայաստանի մակարդակն իջավ Ադրբեջանի մակարդակին, դա միջազգային կառույցների սևեռուն ուշադրությունը հրավիրեց, ինչն իր ազդեցությունն է ունենալու: Տարվա զեկույցներում այս բոլոր տվյալները երևալու են»,- նշեց Խուրշուդյանը՝ հավելելով, որ իրենք իրենց խաղաղ, իրավական գործունեությամբ պահանջելու են իշխանափոխություն և հասնելու են համակարգային փոփոխությունների:
Ինչ վերաբերում է «Ժառանգության»՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուն, Դավիթ Սանասարյանն ասաց, որ այսօր կուսակցությունը նիստ է գումարելու, որից հետո պարզ կդառնան բազմաթիվ հարցերի պատասխաններ:










