Ամերիկացին, օդանավակայանի տարածք մտնելով, մերկացել է և առևանգած բեռնատարով բախվել ինքնաթիռին

15:06 • 26.08.16

Ամերիկյան Օմահա քաղաքի օդանավակայանի տարածք մտնելով՝ ամերիկացին մերկացել է մինչև վարտիք, բեռնատար առևանգել և դրանով բախվել ինքնաթիռին, որը կանգնած է եղել թռիչքուղու վրա, հաղորդում է РИА Новости-ն:

 

Տղամարդու շարժառիթները հայտնի չեն, հայտնել են ոստիկանությունում:

 

Օդանավակայանի ոստիկանության ղեկավար Թիմ Կոնահանը NBC հեռուստաալիքին հայտնել է, որ ոստիկանության սպան տեսել է տղամարդուն, ով իրեն շատ տարօրինակ է պահել, տեղի ժամանակով ժամը մոտ 21:30-ին:

 

Տղամարդը հայտարարել է, որ իրեն ինչ-որ մեկը ցանկանում է սպանել: Դրանից հետո նա փախել է օդանավակայանի շուրջը գտնվող թփերի մեջ և ցատկել ցանկապատից այն կողմ:

 

Այնուհետև նա առևանգել է Southwest Airlines ավիաընկերությանը պատկանող բեռնատարը, սակայն նրա ճանապարհը փակել են ոստիկանները: Դրանից հետո նա բախվել է թռիչքի պատրաստվող ինքնաթիռին:

 

Ինքնաթիռում եղել է 18 ուղևոր, նրանք բավականին ուժեղ հարված են զգացել: Միջադեպի հետևանքով ինքնաթիռի անձնակազմը վնասվածքներ է ստացել: