Հայաստանը «Բանակ-2016» ռազմատեխնիկական համաժողովին պաշտպանական արդյունաբերական արտադրանք կներկայացնի

09:55 • 26.08.16

Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Պակիստանը «Բանակ-2016» («Армия-2016») ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ կներկայացնեն 29 ազգային ձեռնարկություն: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Միրոնովը, գրում է Интерфакс գործակալությունը:

 

«Նախատեսված է չորս ազգային ցուցահանդեսի բացում՝ Հայաստանը՝ 5 ձեռնարկություն, Բելառուսը՝ 9 ձեռնարկություն, Ղազախստանը՝ 6 ձեռնարկություն, Պակիստանը՝ 9 ձեռնարկություն»,- ասել է Միրոնովը հինգշաբթի օրը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավելի քան 50 երկրների օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպմանը:

 

Սեպտեմբերի 6-11-ը Մոսկվայի շրջանի Կուբինկա քաղաքի «Պատրիոտ» զբոսայգում անցկացվելիք համաժողովի աշխատանքներին պատրաստվում են մասնակցել նաև ձեռնարկություններ Գերմանիայից, Իսրայելից, Իռլանդիայից, Չինաստանից, Մալայզիայից, Թաիլանդից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից:

 

Նշվում է, որ 2016 թվականին համաժողովին հրավիրվել է 107 երկիր, որոնցից այսօրվա դրությամբ իրենց մասնակցությունն են հաստատել 86-ը, իսկ 45-ը պատրաստվում են պաշտոնական պատվիրակություններ ուղարկել: