Բուժման առաջիկա 10 օրը որոշիչ է լինելու 4-րդ հարկից ընկած գյումրեցի 2-ամյա Հովհաննեսի կյանքի համար
Երեկ առավոտյան Գյումրու Պարույր Սևակ փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանը Երևանի Սբ. Մարիամ Աստվածամայր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է:
«Երեխան շատ ծանր վիճակում է, մենք բոլոր հետազոտություններն արել ենք, գանգուղեղային տրավմայի հետ գործ ունենք, մնացածը նորմալ է, ուրիշ վնասվածքներ չկան: Երեխայի մոտ գանգի հիմի կոտրվածք է, գլխուղեղի սալջարդ, առաջին ողի կոտրվածք՝ առանց տեղաշարժի»,-Tert.am-ի հետ զրույցում այսօր ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
Հարցին, թե կյանքի հետ համատեղելի՞ են փոքրիկի վնասվածքները, բժիշկն ասաց. «Դա չեմ կարող ասել, էնպես չի, որ անհամատեղելի է լրիվ, բայց առայժմ դժվար է ասել: Ինքը դեղորայքով պետք է բուժվի, արհեստական շնչառության տակ է: 10 օր հետո կերևա, կյանքի հետ համատեղելի են վնասվածքները, թե ոչ: Դրանից հետո կպարզվի երեխայի մոտ զարգացման դեֆիցիտներ կլինեն, թե ոչ, հետագա զարգացման վրա կազդի, թե ոչ»,-ասաց Չոբանյանը:










