«Սասնա ծռերի» անդամ Սերգեյ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը մերժվեց

15:08 • 26.08.16

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժվեց, հիմնավորման մասին խոսել չեմ կարող, դատարանը հրապարկել է ընդամենը որոշման եզրափակիչ մասը»,-ասաց փաստաբանը:

Մուշեղ Շուշանյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո դիմելու է Վճռաբեկ դատարան: Փաստաբանը նաև հայտնեց, որ Սերգեյ Կյուրեղյանը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, որ ինքն արդարանալու կարիք չունի։

«Սերգեյ Կյուրեղյանը ներկա էր դատական նիստին, նախորդ նիստին միջնորդություն էինք ներկայացրել նրա ներկայության վերաբերյալ, ինչը դատարանը բավարարել էր: Դատարանում Կյուրեղյանն ասաց, որ ինքն արդարանալու կարիք չունի, ինքն արդար է, և իր գործունեությանն իր գնահատականը տվել է և արդարացրել է իրեն»,– ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասով: