Թուրքերի՝ Սիրիա մտնելու միակ պատճառն Էրդողանի քրդական ֆոբիան է, ԻՊ-ը միայն պատրվակ է. Der Spiegel

15:09 • 26.08.16

Գերմանական Der Spiegel թերթը սիրիական Ջերաբլուս շրջանում Թուրքիայի գործողությունները որակել է որպես «երկարատև օկուպացիայի առաջին քայլ»։



Թերթի թղթակիցն իր վերլուծության մեջ նշել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումն ակնհայտորեն միայն պատրվակ է Թուրքիայի համար և որ թուրքերի իրական թիրախը քրդերն են:



«Երեք տարի շարունակ ԻՊ-ի գործողությունների վրա աչք փակող Անկարան հանկարծ միանգամից գործի է անցնում: Սրա միակ պատճառը (նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի քրդական ֆոբիան է»,- ասել է թղթակիցը:

 

Ըստ նրա՝ այս դեպքերից հետո շրջանը երկար ժամանակ չի ազատվի թուրքական օկուպացիայից:

 

Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: