Նորվեգիայում փրկարարներն ազատել են հեռախոսը հանելու համար զուգարանակոնքի մեջ խրված երիտասարդին (լուսանկարներ)
Նորվեգիայում փրկարարներն ազատել են հանրային զուգարանում զուգարանակոնքի մեջ ընկած երիտասարդին, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ 20-ամյա Կատո Բերնսթեն Լարսենը զուգարանակոնքի անցքի մեջ է մտել ու փորձել հանել իր ընկերոջ հեռախոսը, որը նա գցել էր այնտեղ:
Հասարակական զուգարանը միացած չի եղել կոյուղու հետ, և զուգարանակոնքի տակ տեղադրված է եղել բաք, որը դատարկվել է մի քանի ամիսը մեկ:
Երիտասարդի խոսքով`ինքը միանգամից առաջարկել է իր օգնությունն ու հեշտությամբ մտել զուգարանակոնքի անցքի մեջ, սակայն չի կարողացել դուրս գալ այնտեղից: Նա մոտ մի ժամ անց է կացրել բաքի պարունակության մեջ խրված վիճակում: Նրա խոսքով` ինքը տառապում է փակ տարածությունների հանդեպ վախից:
«Սա իմ կյանքի ամենավատ փորձն է եղել»,- պատմել է նա թղթակիցներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ փրկարարական աշխատանքների ընթացքում զուգարանը շարքից հանվել է: Լարսենին ձեռքերի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց ու հնարավոր վարակներից խուսափելու համար հակաբիոտիկներ տվել: Բջջային հեռախոսն այդպես էլ չի հաջողվել գտնել:












