«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանն իրեն լավ է զգում, վաղը կվիրահատվի. փաստաբան

20:56 • 29.08.16

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին կվիրահատեն վաղը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Քիչ առաջ տեսակցել եմ Աշոտ Պետրոսյանին, բժիշկները բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարել են, և վաղը նախատեսված է վիրահատության  անցկացումը:  Ինքն իրեն շատ լավ էր զգում, որևէ գանգատ չուներ, այդ պահին անգամ ոտքի ցավեր չուներ: Վիրահատությունը տեղի կունենա օրվա առաջին կեսին»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանի խոսքով՝ Աշոտ Պետրոսյանի արագ ապաքինման համար ցանկալի է, որ նա մնա «Էրեբունի» ԲԿ-ում, սակայն դա որոշելու են բժիշկները. «Թե վիրահատությունից հետո որքան կմնա Աշոտ Պետրոսյանը «Էրեբունի» ԲԿ-ում, դեռ պարզ չէ: Դա կախված կլինի հետվիրահատական շրջանի ընթացքից: Ես մարդկայնորեն  ցանկանում եմ, որ նա երկար մնա «Էրեբունի» ԲԿ-ում, որովհետև այնտեղ լիարժեք պայմաններ կան ապաքինման համար»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Նշենք, որ հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածքում Աշոտ Պետրոսյանը ստորին վերջույթների հրազենային վնասվածք է ստացել, ինչպես նաև՝ հրազենային վիրավորման արդյունքում աջ ազդրի կոտրվածք: Հենց նույն օրը Աշոտ Պետրոսյանը ենթարկվել էր վիրահատության:

Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը։ Աշոտ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։