Ռուս և գերմանացի փորձագետները ժամանել են Կահիրե` հետաքննելու Սինայում կործանված ռուսական А321-ի վթարի պատճառները
Ռուսաստանցի և գերմանացի փորձագետները ժամանել են Եգիպտոս` անցյալ տարվա հոկտեմբերին Սինայում կործանված ռուսական А321 ուղևորատար օդանավի բեկորներն ուսումնասիրելու համար: Այս մասին հաղորդում է DW.com-ը` վկայակոչելով եգիպտական քննչական հանձնաժողովի ներկայացուցիչներին:
Փորձագետներին են միացել մասնագետներ Իռլանդիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, որոնք կփորձեն պարզել, թե երբ է օդանավը սկսել բաժանվել առանձին մասերի:
Ռուսական պատվիրակության կազմում են ընդգրկվել Միջպետական ավիացիոն հանձնաժողովի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որն իրականացնում էր Շարմ-էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, վթարվել էր Սինայի թերակղզու երկնքում 2015-ի հոկտեմբեի 31-ին: Օդանավում գտնվող 224 անձինք մահացել են: Ռուսական իշխանությունները կատարվածը դիտարկում են որպես ահաբեկչություն:










