Էստոնիայի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել առաջին փուլում

19:20 • 29.08.16

Էստոնիայում նախագահի թեկնածուներից ոչ մեկին ընտրությունների առաջին փուլում չի հաջողվել հավաքել խորհրդարանի պատգամավորների՝ անհրաժեշտ 68 ձայնը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով էստոնական աղբյուրը, ձայների հաշվարկի համաձայն` Ալար Յիկսը ստացել է 25 ձայն, Էյկի Նեստորը` 40 և Մայլիս Ռեփսը` 26:

8 պատգամավոր իր աջակցությունը չի հայտնել թեկնածուներից ոչ մեկին: Այսպիսով՝ խորհրդարանը չի կարողացել առաջին փուլով նախագահ ընտրել:

Օգոստոսի 30-ին կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը, որի համար բոլոր թեկնածուները կրկին պետք է գրանցվեն վաղն առավոտյան:

Եթե երկրորդ փուլում ևս նախագահ չընտրվի, ապա երրորդ փուլը կանցկացվի նույն օրը, որին կմասնակցի երկու թեկնածու. վերջինները երկրորդ փուլում ավելի շատ ձայն ստացած կլինեն:

Եթե երրորդ փուլն էլ անարդյունք ավարտվի, խորհրդարանի խոսնակը Ընտրական խորհուրդ կհրավիրի, որը բաղկացած կլինի 101 պատգամավորից և տեղական ինքնակառավարման խորհուրդների 234 ներկայացուցչից: