Իրանը ՌԴ-ից մատակարարված С-300 համալիրները տեղակայել է միջուկային օբյեկտի մոտակայքում
Իրանին մատակարարված С-300 զենիթահրթիռային համալիրները տեղակայվել են Ֆորդո միջուկային օբյեկտի շրջանում: Այդ մասին օգոստոսի 28-ին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՕՊ ուժերի հրամանատար Ֆարզադ Էսմայիլին, գրում է lenta.ru-ն:
Հեռուստատեսությունը ցույց է տվել Ֆորդոյի մոտակայքում տեղակայված համալիրները: Էսմայիլին նշել է, որ այժմ միջուկային օբյեկտը միշտ պաշտպանության տակ կլինի, և հայտարարել է, որ Իրանի երկինքը «տարածաշրջանում ամենաանվտանգներից մեկն է»:
Ավելի վաղ կիրակի օրն Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձել է խանգարել Թեհրանին С-300-ները ստանալու հարցում, քանի որ չեն ցանկանում ճանաչել Իրանի ինքնապաշտպանության իրավունքը:
Իրան ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի աշնանը: 2015 թվականի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Իրան С-300-ի մատակարարման էմբարգոն: Իր որոշումը նա հիմնավորել է իրանական միջուկային խնդրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացով:










