ԱՄՆ-ում սատկել է 15 տարվա ընկերությամբ հայտնի «եռյակի» առյուծը
ԱՄՆ Ջորջիա նահանգի «Նոյան տապան» կոչվող վայրի կենդանիների արգելոց-կացարանում սատկել է ԶԼՄ-ների շնորհիվ հայտնի դարձած «եռյակի» («արջը, առյուծը և վագրը») առյուծը:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` Լեո անունով աֆրիկյան առյուծի մոտ լյարդի անվիրահատելի քաղցկեղ են ախտորոշել, որից հետո որոշում է կայացվել քնեցնել կենդանուն: Պարբերականի հաղորդմամբ` վերջին ամիսներին առյուծը քնկոտ էր դարձել և հրաժարվում էր սնունդից:
Հիվանդ ժամանակ Լեոյին չեն մեկուսացրել, և կենդանին մշտապես շփվել է իր հավատարիմ ընկերների` Շերխան բենգալյան վագրի և բարիբալ տեսակի արջի` Բալուի հետ:
2016-ի մարտին արգելոցում նշել են Լեոյի, Բալուի և Շերխանի ընկերության 15-ամյակը: Կենդանիներին «Նոյան տապան» են բերել 2001-ին: Այն ժամանակ ձագերին գտել էին Ատլանտայի տներից մեկի նկուղում` հակաթմրամիջոցային արշավի շրջանակներում:













