Մկան պատճառով Air France-ի չվերթը հետաձգվել է 2 օրով
Air France ավիաընկերության` Մալիի մայրաքաղաք Բամակոյից Փարիզ չվերթը հետաձգվել է 48 ժամով, ինչի պատճառ է դարձել օդաչուների խցիկ ներթափանցած մուկը, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ կրծողին բռնելուց հետո անձնակազմը ստիպված է եղել չեղարկել չվերթը, քանի որ նրան բռնելու վրա չափազանց շատ ժամանակ է ծախսվել, և ինքնաթիռի անձնակազմին հանգիստ է հարկավոր եղել: Անվտանգության կանոնների համաձայն` օդաչուները որոշակի ժամանակահատվածից երկար աշխատելու իրավունք չունեն:
Դրանից բացի, մկների առկայության դեպքում ինքնաթիռները չեն կարող չվերթներ իրականացնել, քանի որ դրանք կարող են վնասել էլեկտրական լարերն ու այլ մալուխներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ չվերթի ուղևորներին տեղավորել են Բամակոյի հյուրանոցներում, իսկ օգոստոսի 28-ի երեկոյան ինքնաթիռն ուղևորվել է նշանակման կետ:










