ՌԴ-ի «Ինտերպոլի» կողմից ծանուցում չի եղել ամուսնուս հետախուզման մասին. Սերգեյ Միրոնովի կինը մանրամասներ է պատմում

16:49 • 29.08.16

«Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովն ընտանիքի միակ կերակրողն է և իր խնամքի տակ ունի երկու անչափահաս աղջիկ՝ 3 և 8 տարեկան: Այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նրա կինը՝ Յուլիա Միրոնովան:

«Ամուսինս շփոթված է, կատարվածը նրա համար էլ է շոկ: Նա Ռուսաստանում ազատ տեղաշարժվել է, ապրել է ՌԴ-ում, ՌԴ քաղաքացի է, շենգեն վիզա ունի, մինչ այս տարբեր երկրներ է այցելել և ոչ մի խնդիր չի առաջացել, Ռուսաստանի «Ինտերպոլի» կողմից ծանուցում չի եղել հետախուզման մասին»,- ասաց Յուլիա Միրոնովան:

Դատարանն այսօր քննում է Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ քր. օր.-ի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: