Ուզբեկստանի նախագահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն վիճակում
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն վիճակում։ Այդ մասին Instagram-ի իր էջում հայտնել է երկրի նախագահի դուստր Լոլա Քարիմովա-Տիլյաևան, հայտնում է Reuters-ը:
«Շաբաթ առավոտյան տեղի ունեցած գլխուղեղի արյունազեղման պատճառով նա հոսպիտալացվել է և այժմ վերակենդանացման բաժնում է: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Այս պահին չափազանց շուտ է որևէ կանխատեսում անել նրա հետագա վիճակի մասին»,- գրել է նախագահի դուստրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը տեղափոխվել է հիվանդանոց: Фергана.Ру գործակալությունը, վկայակոչելով Տաշքենդի իր աղբյուրներին, հաղորդել էր, որ «նախորդ գիշեր Իսլամ Քարիմովը կաթված է ստացել»:
Քարիմովը 78 տարեկան է: Նա երկրի առաջին նախագահն է 1991-ին ԽՍՀՄ-ից անկախություն ձեռք բերելուց ի վեր:










