Արցախի ճանաչված չլինելն ազդում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա. Արցախի ՄԻՊ

22:54 • 30.08.16

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել է ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այս առնչությամբ, Tert.am-ը զրուցեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ՝ մարդու իրավունքների ոլորտում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների, հիմնական դրույթների, Արցախի՝ չճանաչված պետություն լինելու հետևանքով մարդու իրավունքների սահմանափակումների և այլ հարցերի շուրջ:

-Պարոն Մելիքյան, ԼՂՀ ազգային ժողովը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մարդու իրավունքների ոլորտում և որո՞նք են լինելու հիմնական դրույթները:

-Առաջին հերթին՝  խնդիրը վերաբերում է մարդու իրավունքների ընկալման և դասակարգման հարցին, որը ես կարևորում եմ:  Գործող սահմանադրությամբ՝ սոցիալ-տնտեսական բնույթի իրավունքները, այսինքն՝ այն իրավունքները, որոնց  իրացումը պայմանավորված է պետության կողմից որոշակի ֆինանսական միջոցների տրամադրմամբ, նույն կերպ են ձևակերպված և նույն կարգավիճակն ունեն, ինչ, այսպես կոչված, դասական՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքները. խոսքի ազատություն, արդար դատաքննության իրավունք, տեղաշարժման ազատություն և այլն: Ժամանակակից մարդու իրավունքների տեսությունը և պրակտիկան սկզբունքորեն տարանջատվում են իրարից, որովհետև պետությունն ունենում է անվերապահ պարտականություն ապահովելու դասական իրավունքները, մյուս իրավունքների դեպքում՝ պետությունն ապահովում է այնքան, որքան կարողանում է: Այս միտքը հստակ դրված է նոր սահմանադրության տեքստում: Մենք պետք է հստակ տարանջատում մտցնենք, որովհետև, ստացվում է, որ պետությունն ուղղակի իրական հնարավորություն չունենալու դեպքում չի ապահովում սահմանադրական իր գործառույթը, այնինչ այդպես չպետք է լինի:

Երկրորդ՝ նոր իրավունքներ են ամրագրված: Ես շատ եմ կարևորում անձնական տվյալների գաղտնիության ապահովումը , որը նոր զարգացող իրավունք է եվրոպական տարածաշրջանում ևս: Այս իրավունքը մարդու ազատությունների տեսանկյունից կարևոր է այն ժամանակաշրջանում, երբ մարդու վերաբերյալ տվյալների հավաքագրման  բազմաթիվ համակարգեր կան, բազմաթիվ մեխանիզմներ են գործում: Այդ ամենը պետք է մարդու իրավունքների տիրույթ ներառվի և այդ մեխանիզմներով պաշտպանվի: Սա ևս սկզբունքային հարց է։

Երրորդ՝ առանձին իրավունքների սահմանափակման մեխանիզմերը պետք է հստակեցվեն: Խոսքը վերաբերում է սահմանափակման հնարավորություններին և սահմանափակման իրավական հիմքերին: Ես հույս ունեմ, որ այս գործընթացում մեծապես կօգտագործվի եվրոպական դատարանի փորձը, որը բավականին ծավալուն է: Նաև նշեմ, որ 2015 թվականից ի վեր եվրոպական կոնվենցիայի դրույթներն Արցախի համար պարտադիր են, իսկ դեռևս 90-ականներից ստանձնել ենք նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի սահմանած պարտավորությունները: Այսինքն՝ այս տեսանկյունից Արցախն ունի շատ լավ ուղենիշներ, որոնցից հանձնաժողովը  կարող է օգտվել սահմանադրության տեքստը մշակելիս: Հետևաբար, երեք հայեցակարգային դրույթ կներառվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ առաջին սոցիալ-տնտեսական իրավունքների և դասական իրավունքների տարանջատումն իրենց իրավական հետևանքներով, երկրորդ՝ նոր իրավունքների ամրագրումը, օրինակ՝ անձնական տվյալների պաշտպանություն, և երրորդ՝ իրավունքների սահմանափակման մեխանիզմների հստակեցումը:

-Պարոն Մելիքյան, ուղենիշները կան, սակայն Արցախի՝ չճանաչված հանրապետություն լինելը որքանո՞վ է խախտում Արցախում մարդու իրավունքների պաշտպանությունը:

-Լայն հարց է դա, սակայն, կարճ ասած, քաղաքական առումով ճանաչված չլինելու հանգամանքը էական ազդեցություն է ունենում Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա, որովհետև Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում որոշակի հնարավորությունների սահմանափակում կա: 1948-ին ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր։ Մարդու իրավունքները դրանք համընդհանուր հասկացություններ են և  չեն կարող որոշ անձանց համար լինել ավելի համընդհանուր, իսկ մյուսների համար ավելի քիչ համընդհանուր: Սա լայն մակարդակի խնդիր է և վերաբերում է պետությունների քաղաքական ճանաչմանը, տվյալ պետությունների քաղաքացիների իրավունքների հարաբերակցությանը:

- Որպես չճանաչված պետություն, Արցախն ի՞նչ միջազգային կառույցների հետ է համագործակցում մարդու իրավունքների ինստիտուտի կայացման համար: Կա՞ն նման կառույցներ, որոնց հետ հարաբերություների մեջ է Արցախը, ի՞նչ ձևաչափով են լինում շփումները:

- Այս առումով խնդիրներ կան, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց  շփումներ լինում են, չնայած այդ շփումներից ոչ բոլորն են հրապարակային, որովհետև մեր գործընկերները որոշակի մտահոգություններ են ունենում այդ տեսանկյունից:

Արցախում գործում է Կարմիր  խաչի գրասենյակ, Արցախում գործում է ևս մեկ  միջազգային կազմակերպություն՝ The HALO Trust-ը,  որը զբաղվում է ականազերծմամբ, միջազգային կազմակերպություններ ևս կան:

-Ի՞նչ է արվում Արցախում մարդու իրավունքների ինստիտուտի կայացման համար՝ հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունները:

-Ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կարելի է նոր սերնդի ինստիտուտ համարել, այն  որևէ կերպ չի տեղավորվում դասական համակարգում և օմբուդսմենի ինստիտուտը կայացման իր ձևը գտնելու խնդիր ունի ամբողջ աշխարհում: Մյուս առանձնահատկությունն այն է, որ այն քիչ ինստիտուտներից է, որ անձնավորված է: Դա նշանակում է, որ մենք մի քիչ ավելի ազատություն ունենք և ստեղծագործական աշխատանք կատարելու հնարավորություն: Օմբուդսմենի ինստիտուտն ունի երկու մեծ գործառույթ, մեկը կոնկրետ, մյուսը՝ ընդհանուր: Այսինքն՝ մեկը կոնկրետ դիմումով զբաղվող աշխատանքն է, բայց ես ավելի շատ կարևորում եմ մյուսը՝ ընդհանուր խնդիրների վերհանումը: Մտադիր ենք ակտիվացնել  մեր աշխատանքն այս ուղղություններով,  օգտագործել նաև կրթության  կողմից տրվող գործիքակազմը, և շուտով որոշակի նոր քայլ կձեռնարկենք: Ես   կարևորում եմ ընդհանուր ուղղությունը, որովհետև շատ ավելի արդյունավետ է կանխելը, քան հետևանքները վերցնելը: