ԱՄԷ-ում հայտնվել են միայն կանանց համար նախատեսված ավտոկայանատեղիներ

13:03 • 30.08.16

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիիի իշխանությունները քաղաքի փողոցների ու բազմահարկ շենքերի ավտոկայանատեղիներում տեղակայել են միայն կանանց համար նախատեսված տեղեր, հաղորդում է The National-ը:

 

Նշվում է, որ քաղաքում կա վարդագույն ու սպիտակ գույներով ներկված ընդհանուր մոտ 200 ավտոկայանատեղի:

 

Աբու Դաբիի մունիցիպալ գործերի ու տրանսպորտի վարչության հաղորդմամբ`այդ տեղերը «կանանց կօգնեն ավտոկայանատեղի գտնելու և անձնական կյանքի անձեռնմխելիության հարցերում»:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոկայանատեղիները տեղակայված են քաղաքի տարբեր մասերում` պետական հաստատությունների, հյուրանոցների մոտ ու առափնյա շրջաններում:

 

Տեսուչները հետևելու են, որպեսզի տղամարդիկ չզբաղեցնեն այդ ավտոկայանատեղերը: Խախտողներին սպասվում է տուգանք և փոխադրամիջոցների առգրավում: